Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«ԹՈՂ ԳԱՆ-ԳՆԱՆ ԼԻՄԻՏՈՎ, ԻՆՉՊԵՍ ՊԱՐՍԻԿՆԵՐԸ, ՈՉ ԹԵ ՆԵՐԽՈՒԺԵՆ ԿԱՊԻՏԱԼԻ ԴԱՇՏ»

«ԹՈՂ ԳԱՆ-ԳՆԱՆ ԼԻՄԻՏՈՎ, ԻՆՉՊԵՍ ՊԱՐՍԻԿՆԵՐԸ, ՈՉ ԹԵ ՆԵՐԽՈՒԺԵՆ ԿԱՊԻՏԱԼԻ ԴԱՇՏ»
23.10.2009 | 00:00

Հայ-թուրքական արձանագրությունների դեմ շուրջ 12 կուսակցություններ միավորվեցին։ Չնայած վերջիններիս բողոքի ձայնին` արձանագրությունը ստորագրվեց։ ՈՒրեմն` ի՞նչ, իզո՞ւր էր այս ամենը. փորձեցինք պարզել ժողովրդական կուսակցության առաջնորդ ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՑ, ում գլխավորած քաղաքական ուժն այդ 12 կուսակցություններից մեկն է։
-Նախ, ոչ մի միավորում չի ստեղծվել, ընդամենն ինձ առաջարկել են ստորագրել, ու ես ստորագրել եմ,- ասաց Կարապետյանը։- ՀՅԴ-ի նախաձեռնությամբ միտինգ է եղել, որտեղ ելույթ եմ ունեցել` հարթակ չբարձրանալով։ Գուցե ինչ-որ ուժեր միավորվել էին ու հարթակում էին, բայց ես կանգնած էի ժողովրդի մեջ։ Ոչ մի միավորման մասին չի կարող խոսք լինել, որովհետև ես ունեմ մաքուր քաղաքական հեղինակություն։ Մենք պաշտոն չենք զբաղեցրել, չենք եղել կոալիցիայի անդամ, ոչ մի բանով մեզ չեն մրոտել ու վարկաբեկել։ Չենք միանա ոչ մեկի հետ, քանի որ չենք տեսնում որևէ ուժ, որը, մաքրության առումով, հավասարազոր լինի մեզ։ Ինչ վերաբերում է ազգային գաղափարախոսությանը, ապա այս դաշտում մենք համագործակցում ենք, այսինքն, եթե ձևավորվի ազգային ճակատ, անտարբեր չենք կարող լինել։ Բայց ռամկավարների ատենապետի հետ ես ո՞նց միանամ։ Մեռած կուսակցություն է։ Կամ` «Ժառանգություն» կուսակցության հետ, որին միշտ քննադատում եմ։
-Հստակեցնենք` համագործակցել եք զուտ հայ-թուրքական արձանագրություններին դեմ լինելո՞ւ պատճառով։
-Այո՛, սահմանի բացումը նորմալ երևույթ է, բայց դեմ ենք, որ այն պայմանավորված է ոչ թե տեխնիկական խնդիրներով, այլ քաղաքական, որտեղ պետք է պատասխանատվություն վերցնենք մեզ վրա, խոստովանություն անենք թուրքերին։
-Դուք նշեցիք, թե հնարավոր չէ, որ միավորվեք ՀՌԱԿ-ի, «Ժառանգության» և այլ ուժերի հետ, այս դեպքում համագործակցության նման ձևաչափով Ձեր ջանքերն ապարդյուն չանցա՞ն։
-Ապարդյուն ոչինչ չի կարող անցնել, ինչը ժողովրդական ալիք է բարձրացնում։ Ապարդյուն կարող է ստորագրվածն անցնել, որովհետև չեմ տեսնում դրա վավերացման հեռանկարը։ Կարծում եմ` արձանագրությունը բլանդած է սպիտակ թելով։ Ինչո՞ւ 93-ին, երբ տեխնիկական պատճառով սահմանը փակեցին, այսօր այն բացելու համար այսքան ճիգեր են պետք։ Ի՞նչ կա դրա տակ։ Ի՞նչ է քողարկված։ Ընդամենը մենք մեր համաձայնությունը պետք է տայինք, թեկուզ գրավոր նամակով, ոչ թե արձանագրություն ստորագրեինք Շվեյցարիայում, որը համարեցին դարի խնդիր։
-ՀՅԴ-ի այս նախաձեռնությունը շատ ուժեր հենց սկզբից համարեցին իշխանության «պրոյեկտը»։ Դուք ևս, լինելով այդ միավորման հետ, զգացե՞լ եք իշխանությունների ներկայությունը։
-Քաղաքական դաշտում ոչինչ չեմ կարող ժխտել։ Այնպիսի ընդդիմադիրներ դարձան իշխանական գործիչներ, ինչպիսին, օրինակ, Շավարշ Քոչարյանն էր։ Շատ ու շատ գործիչներ ևս, որոնց ոտքի տակ գառ էին մորթել։ Ոչինչ չեմ բացառում, բայց փաստեր չունեմ։ Իմ մասնակցությունն այնտեղ սահմանափակվում է զուտ ազգային մտածելակերպով։ Այսօր ՀԱԿ-ն ասում է, թե ՀՅԴ-ի հետևում իշխանության ականջներն են երևում։ Իսկ ո՞ւր է ՀԱԿ-ը, ինչո՞ւ է լռում։ Հակառակը, կասկածում եմ, որ Արևմուտքը Տեր-Պետրոսյանին ասել է, որ այս ժամանակահատվածում լռի։
-ՀՅԴ-ՀԱԿ հնարավոր համագործակցությունից արդյունքներ կարելի՞ է ակնկալել, ինչպես որոշ քաղաքական գործիչներ են պնդում, թե՞ դա կհանգեցնի իշխանափոխության։
-Ընդհանրապես, իշխանափոխությունը հնարավոր չեմ համարում։ Այն իրականացվում է, երբ դրսից ինչ-որ պայմանավորվածություններ կան։ Այնպես, ինչպես Վրաստանում եղավ։ Կարծում եմ` անընդունելի է, երբ ազգային հարցերին խառնվում են իշխանափոխությունը և աթոռակռիվը։ Այսօր լսում էի Գալուստ Սահակյանին, ով հայ-թուրքական արձանագրությունների առնչությամբ ասում էր, թե մենք չենք վախենում։ Չես վախենումը ո՞րն ա։ Ընենց կփախնես ընտանիքովդ, իզութոզդ չեն գտնի։ Յոթանասուն միլիոնանոց ժամանակակից նատօական բանակ ունեն, ի՞նչ է, քո գրանատներով ու մի քանի տանկով կանգնելո՞ւ ես նրա դեմ։ Սա լուրջ չէ։ Բացենք սահմանը, բայց հնարավորություն չտանք թուրքին` վաղը ներխուժելու Հայաստան ու տարածաշրջանում դերակատարություն ունենալու։ Թող գան-գնան լիմիտով, ինչպես պարսիկները, ոչ թե ներխուժեն կապիտալի դաշտ։ Գիտեմ, որ Հյուսիսային պողոտայում տները վաճառելու խնդիր ունեն, բայց ո՛չ թուրքերի համար։
-Հրաժարականների մասով ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը։ Դաշնակցականներն արտգործնախարարից են ուզում ազատվել, ՀԱԿ-ը` նախագահից։
-Բայց ՀԱԿ-ը նախագահի հրաժարականը չի պահանջում։
-Ինչպե՞ս չի պահանջում։ Իսկ պարբերաբար հնչող հրաժարականի կոչե՞րը։
-Ո՛չ, ամեն ինչ ասում են, բացի հրաժարական պահանջելուց, կամ էլ ընդհանրապես լռում են։ Արտգործնախարարի հրաժարականը պահանջում են ոչ թե որպես քաղաքական դեմքի, այլ որպես դիլետանտի, ոչ պրոֆեսիոնալի։ Սա նորմալ է, ու արտառոց ոչինչ դրանում չկա։ Օրինակ, ես հաճույքով կպահանջեի գյուղնախարարի հրաժարականը, որովհետև էդ մարդը գյուղից ոչինչ չի հասկանում։ Որքան էլ ասեն, թե առաջին դեմքից է կախված արտաքին քաղաքականությունը, այդուհանդերձ, պրոֆիլակտիկան, նախապատրաստական աշխատանքները, քողարկված հարցերի իրազեկումն իրականացնում է արտգործնախարարությունը։ Նալբանդյանի աշխատանքն ամբողջովին սխալ էր նաև նախագահի սփյուռքյան այցերը կազմակերպելու տեսանկյունից։ Պետք է նախագահը հանդիպեր ոչ թե համայնքի, այլ դրա լիդերների, վառ անհատականությունների հետ, որոնց կարծիքը սփյուռքը հաշվի է առնում։ Կամ` հանդիպումը Ռոստովում, էդ ի՞նչ է, գողերի հե՞տ էր հանդիպում։ Ռոստովը ո՞րն ա։ Մենք Մոսկվա, Լենինգրադ ունենք։ Լավ ա` Տամբովում չհանդիպեցին։ Չեմ պատկերացնում` ինչից ելնելով են այդպես արել։
-Այս բոլորի մեղավորը համարում եք արտգործնախարարի՞ն։
-Բա ո՞ւմ։ Նախագահն ընդհանրապես պատասխանատու է քաղաքական կամք դրսևորելու համար։
-Նշեցիք, որ կասկածում եք, թե արձանագրությունները կվավերացվեն։ Կարծում եք` գործընթացն այսքանով կավարտվի՞։
-Կարծում եմ` վավերացնելու բարդություն կլինի Թուրքիայում, իսկ մեզ մոտ խելոք կգնան, կքվեարկեն։
-Չվավերացնելու պարագայում ի՞նչ արձագանք կլինի Հայաստանում։
-Մենք կշահենք, որովհետև Եվրոպան ու ԱՄՆ-ը շուտափույթ կճանաչեն ցեղասպանությունը։
-Այլապես չե՞ն ճանաչի։
-Ո՛չ։ Կասեն` նորմալ գործընթաց է, նոր հարաբերություններ են հաստատվել` չխանգարենք։
Զրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1785

Մեկնաբանություններ